Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը ցանկանում են համատեղ զորավարժություններ անցկացնել
Թուրքիան, Ադրբեջանն ու Վրաստանը պատրաստվում են համատեղ զորավարժություններ անցկացնել մոտ ապագայում: Նման որոշում է կայացվել Բաքվում Թուրքիայի և Վրաստանի ԶՈւ-երի գլխավոր շտաբերի պետեր Յաշար Գյուլերի ու Վլադիմիր Չաչիբայայի և Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի եռակողմ հանդիպման ժամանակ:
Ինչպես գրում է թուրքական ulusal.com.tr կայքը, զորավարժությունների ժամկետները դեռևս չեն հստակեցվել:
«Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը նույն դիրքորոշումն ունեն տարածաշրջանում անվտանգության ու կայունության հետ կապված հարցերում։ Մենք նույն դիրքորոշումն ունենք նաև հակամարտությունների հարցում, այն է՝ խաղաղ ճանապարհով լուծում տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակում՝ միջազգային իրավունքի նորմերին համապատասխան»,- ասել է Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետ Գյուլերը՝ շեշտելով, որ հանդիպումն անցել է շատ անկեղծ մթնոլորտում:
Հայտնի է, որ եռակողմ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում՝ 2019 թվականին: