ԱՄՆ-ն պատրաստվում է դիտորդական կետեր տեղակայել թուրք-սիրիական սահմանին
Միացյալ Նահանգները մտադիր է դիտորդական կետեր տեղակայել Սիրիայի և Թուրքիայի սահմանին՝ թուրքական ԶՈւ-ի և քրդական զինված ջոկատների միջև բախումները բացառելու նպատակով: Այս մասին հայտնել է ԱՄՆ ռազմական գերատեսչության ղեկավար Ջեյմս Մեթիսը, գրում է korrespondent.net-ը:
Նրա խոսքով՝ ամերիկյան դիրքերը հստակ տարբերանշաններ կունենան, որոնք թույլ կտան թուրքական կողմին իմանալ դրանց տեղը: Պենտագոնի ղեկավարը նշել է, որ հարցը քննարկվել է Անկարայի հետ:
Նախօրեին Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Պոմպեոն Վաշինգտոնում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին: Հանդիպումից հետո Թուրքիայի ԱԳ նախարարը հայտնել է, որ մոտ օրերս Մանբիջի հարցով զբաղվող թուրքական ու ամերիկյան աշխատանքային խմբերը պետք է կրկին հանդիպեն՝ համատեղ գործողությունների մշակման համար:
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Անկարան և Վաշինգտոնը հավանության են արժանացրել սիրիական Մանբիջում իրավիճակի կայունացմանն ուղղված «ճանապարհային քարտեզը», իսկ նոյեմբերի 1-ին հայտարարվել է, որ թուրք և ամերիկացի զինծառայողները համատեղ հերթապահություն են սկսել սիրիական Մանբիջում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ եթե ամերիկյան կողմը չապահովի քրդական զինված ջոկատների դուրսբերումը Մանբիջից՝ թուրքական ԶՈւ-ն կանցնի մեծամասշտաբ ռազմական գործողությունների: