ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը պատասխանել է ԼԳԲՏ-ի թեմայով Փաշինյանին քննադատած ռուս լրագրողին
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատունն արձագանքել է հայտնի ռուս լրագրող, ռադիոհաղորդավար Սերգեյ Դորենկոյի՝ «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում հնչեցրած քննադատությանը, որը վերաբերում է ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքին Երևանում ԼԳԲՏ համաժողովի անցկացմանը:
Դեսպանատան պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշվում է, որ «վերջին շրջանում ռուսական մեդիատիրույթում հանդիպում ենք Հայաստանի ներքին զարգացումների վերաբերյալ տրամաբանությունից զուրկ, ոչ ադեկվատ, սադրիչ հայտարարությունների, որոնց թվին են դասվում Դորենկոյի վերջին արտահայտությունները»:
«Դիվանագիտական ներկայացուցչությանը, իհարկե, վայել չէ հանրային տիրույթում քննարկել անհեթեթ արտահայտությունները, բայց միևնույն ժամանակ դժվար է չարձագանքել, այսպես կոչված, փորձագետների ու լրագրողների կարծիքին, որոնք բարոյականության սահմաններից դուրս են ու սոսկ երկրի, ժողովրդի ու իշխանությունների հասցեին ուղղված վիրավորանք են: Ասվածի օրինակ են լրագրող, «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի հաղորդավար Սերգեյ Դորենկոյի արտահայտությունները, որոնցում նա քննարկում էր Հայաստանում ԼԳԲՏ թեման: Պարոն Դորենկոն մոռացել է եթերի էթիկայի բոլոր նորմերի մասին ու, հավանաբար, երրորդ անձանց մատուցմամբ իրեն թույլ է տվել մի շարք վիրավորական արտահայտություններ մեր երկրի, ժողովրդի, նրա ղեկավարության հասցեին»,-ասված է դեսպանատան հայտարարությունում:
Բացի այդ, հայկական կողմը լրագրողին խորհուրդ է տվել ապատեղեկատվության տարածմամբ չզբաղվել, իրականությունը չխեղաթյուրել, փաստերը մանիպուլյացիաների չենթարկել:
Հավելենք, որ Դորենկոն ավելի վաղ ասել է, որ Փաշինյանը պետք է հստակ դիրքորոշում ունենա ԼԳԲՏ հարցում. կա՛մ աջակցի ԼԳԲՏ ակտիվիստներին, կա՛մ էլ ավանդական ընտանեկան արժեքներին:
Լրագրողն անդրադարձել էր Փաշինյանի՝ Ազգային ժողովում ունեցած ելույթի այն հատվածին, որում նա պատմել էր Փարիզում բնակվող հայ միասեռական զույգի մասին: Դորենկոյի կարծիքով՝ դա մեծ հարված էր վարչապետի ժամանակավոր պաշտոնակատարի հեղինակությանը: