Փայլանը Թուրքիայի մշակույթի նախարարությանը մեղադրել է Դոլմաբահչե պալատի հետ կապված իրականությունը խեղաթյուրելու մեջ
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից, HDP) Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը մեղադրել է Դոլմաբահչե պալատի շուրջ իրականությունը խեղաթյուրելու մեջ, հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով թուրքական evrensel.net-ին:
Փայլանը նշել է, որ հայտնի Դոլմաբահչե պալատը կառուցվել է հայ Պալյան (Բալյան) ընտանիքի ներկայացուցիչ Կարապետ Պալյանի կողմից, սակայն թուրքական իշխանությունները խեղաթյուրում են իրականությունը և հերքում այդ փաստը:
«Դպրոցի ավագ դասարանում մեզ տարան Դոլմաբահչե պալատ: Էքսկուրսավարն ասաց, որ պալատը կառուցվել է իտալացի Պալյանների կողմից: Ես հավատացի: Հետո ուսումնասիրեցի և հասկացա, որ դա կառուցվել է հայ Պալյանների կողմից: Ինչո՞ւ եք իրականությունը հերքում և իտալացի ճարտարապետին հայ ճարտարապետից վեր դասում: Պալյանները իրենց հետքերը թողել են Ստամբուլի տարբեր հատվածներում»,- խոսքում նշել է Փայլանը: