Մշակույթի նախարարությունը Վահագն Մարգարյանի հիշատակին հուշ երեկո է կազմակերպելու
Հայաստանի մշակույթի նախարարությունը պարզաբանում է տարածել Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող, 23-ամյա Վահագն Մարգարյանի հրաժեշտի երեկոն Օպերայի շենքում արգելելու հետ կապված:
ՀՀ մշակույթի նախարարության գլխավոր քարտուղար Սամվել Մուրադյանի պարզաբանումը ներկայացնում ենք ստորեւ.
Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետի մենապարող, 23-ամյա Վահագն Մարգարյանի մահը սարսափելի կորուստ էր բոլորիս համար, և կորստի ցավը հավասարապես կիսում ենք Վահագնի հարազատների, ընկերների ու արվեստի երկրպագուների հետ:
Միաժամանակ, ցանականում ենք նշել, որ հասկանալի է Վահագն Մարգարյանի հոգեհանգիստը Օպերային թատրոնում կազմակերպելու առաջարկի և դրա վերաբերյալ մշակույթի նախարարության բացասական դիրքորոշման առիթով մամուլում ու սոցցանցերում տեղ գտած արձագանքը:
Այդուհանդերձ, ցանկանում ենք նշել, որ մշակույթի նախարարության մոտեցումը պայմանավորված է ՀՀ կառավարության կողմից սահմանված՝ հրաժեշտի ծիսակատարության և թաղման արարողության ընթացակարգի պահպանման հանգամանքով և ընթացակարգը սեղմ ժամկետում իրականացնելու անհնարինությամբ:
Տեղեկացնենք նաև, որ Մշակույթի նախարարութունը նախատեսում է կազմակերպել հուշ երեկո՝ նվիրված Վահագն Մարգարյանի հիշատակին: