Հայտնի են 25 - ամյա հայ երիտասարդի մահվան մանրամասները
Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռը մահացու վրաերթի է ենթարկել տղամարդուն: 25-ամյա տղամարդու մարմինը հայտնաբերել են Մոսկվայից Աթենք թռչող ինքնաթիռի մեկնելուց հետո: Նոյեմբերի 20-ին՝ ժամը 20.10-ին, տղամարդը ընկել է «Boeing 737»-ի անիվների տակ, ստացել մահացու վնասվածք`ինքնաթիռի շասսիի հենակին հարված ստանալուց հետո, հաղորդում է Medusa-ն` հղում անելով Ռուսաստանի Քննչական կոմիտեին:
Դեպքի վայրում հայտնաբերվել են մահացածի մարմնի մասերը՝ մեխանիկական վնասվածքներով, ինչպես նաեւ նրա հագուստը, անձնական իրերը եւ ինքնաթիռի կտրոնը: Քննիչների աշխատանքի ժամանակ թռիչքուղին փակել են, ինչի պատճառով 8 թռիչքներ հետաձգվել են:
Թռիչքի ժամանկ Բոինգի օդաչուները հաղորդել են բախման մասին: Սկզբում անձնակազմը դիսպետչերներին ասել է, որ օդանավը բախվել է կենդանու: Ինքնաթիռը չեն վերադարձրել օդանավակայան, քանի որ, ըստ նախնական տվյալների, օդանավը չէր վնասվել: Դրանից հետո թռիչքուղի են ուղարկել ավիացիոն անվտանգության աշխատակիցների, որոնք գտել են մարդու մարմնի մասեր: Աթենքում Բոինգի վայրէջք կատարելուց հետո պարզվել է, որ ինքնաթիռի ֆյուզելյաժը վնասվել է: Օդանավի թռիչքները կասեցվել են: Ավիաընկերության անվանումը պաշտոնապես չի հաղորդվել, սակայն «Շերեմետեւո»-ում չվացուցակներից դատելով, դա «Աերոֆլոտ»-ն է:
Ավելի վաղ ՌԴ-ում Հայաստանի դեսպանատունը հաստատել էր տեղեկությունն այն մասին, որ Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայանի թռիչքուղու վրա տեղի ունեցած պատահարի արդյունքում մահացած Եփրեմյան Ա. Գ.-ն (1993 թ. ծնված), Հայաստանի քաղաքացի էր: