Ադրբեջանում հայտնված Կարեն Ղազարյանի գործով դատական նիստը հետաձգվել է. նրան դատարանում ահաբեկիչ են որակել
Գյանջայի դատարանում այսօր անցկացվել է Ադրբեջանի կողմից որպես դիվերսանտ որակված Կարեն Ղազարյանի գործով հերթական դատական նիստը:
Report-ի փոխանցմամբ, Կարեն Ղազարյանին մեղադրանքնր են առաջադրվել մի շարք հոդվածներով՝ կյանքի ու առողջության դեմ հանցագործության, տնտեսական գործունեության դեմ հանցագործության, պետության սահմանադրական կարգի ու անվտանգության խախտման և հասարակական անվտանգության խաթարման հոդվածներով:
Դատական նիստի ընթացքում հանդես է եկել իբրև թե տուժող կողմը՝ Խադիեվ Նազիմ Թեյմուր Օղլուն, որը հայտարարել է, որ ծանոթ չէ մեղադրյալի հետ, չի շփվել նրա հետ, պարզապես լսել է, որ իրեն պատկանող շուկայի տարածքում Կարեն Ղազարյանը պատրաստվել է պայթյուն իրականացնել:
Վկային լսելուց հետո դատական նիստը հետաձգվել է: Հերթական դատական նիստը նշանակվել է նոյեմբերի 27-ին:
Նշենք, Կարեն Ղազարյանը Ադրբեջանում էր հայտնվել մոլորվելու հետևանքով, ունի առողջական խնդիրներ: