Պատմական Խարբերդի հայկական եկեղեցին ավերակ է դարձել. նորոգելու համար անհրաժեշտ է շուրջ 2 մլն դոլար
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող պատմական Խարբերդ (թուրքերեն- Էլյազըղ) քաղաքում հին հայկական եկեղեցին ամբողջովին անուշադրության է մատնվել. ավերակ դարձած եկեղեցին վերանորոգելու համար պետությունն ու տարածքի ներկայիս սեփականատերն այդպես էլ համաձայնության չեն գալիս:
Ինչպես փոխանցում է թուրքական diken.com.tr կայքը, շուրջ 200 տարվա պատմություն ունեցող և ասորական եկեղեցու անվան տակ Դիարբեքիրի մշակույթի և բնական ժառանգության պահպանության ցուցակում գրանցված Սուրբ Մարիամ Աստվածածնի նորոգման համար անհրաժեշտ է ավելի քան 2 մլն դոլար: Տարածքի սեփականատերը նշում է, որ այդքան միջոցներ չունի և դեմ չի լինի, եթե նորոգման նպատակով տեղական ինքնակառավարման իշխանությունները պետականացնեն կառույցը:
Մինչդեռ մշակույթի և զբոսաշրջության նախարարության տեղական վարչությունից հայտնել են, որ իրենք չեն կարող միջամտել հարցին, քանի դեռ սեփականատերն ինքը չի նախաձեռնել նորոգումը. այդ դեպքում իրենք պատրաստ են հովանավորել ծախսի 60 տոկոսը:
Նշենք, որ մինչ Ցեղասպանությունը Խարբերդն ունեցել է մոտ 50 հայկական գյուղ, որոնք բավականին բազմամարդ էին և ունեին միջինը 1000 բնակիչ: