Բելառուսը ձեզ սպասում էր. Լուկաշենկոն՝ Մինսկում գտնվող Ալիևին
Մինսկի Անկախության պալատում ընթանում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հանդիպումը, գրում է belta.by-ն:
Երկու երկրների առաջնորդների բանակցություններն ընթանում են «դեմառդեմ» ձևաչափով, այնուհետ կանցկացվեն ընդլայնված կազմով բանակցություններ՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ: Հանդիպումների արդյունքում սպասվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում:
«Բելառուսը ձեզ սպասում էր: Մենք վաղուց էինք սպասում դրան»,- հանդիպման ժամանակ ասել է Բելառուսի նախագահը: Նա ընդգծել է, որ Բելառուսում Ադրբեջանին ընդունում են որպես «շատ բարեկամական, եղբայրական երկրի, որի հետ լավ հարաբերություններ են հաստատվել ամենատարբեր մակարդակներում»:
«Ցանկանում եմ հերթական անգամ վստահեցնել, որ մեր հարաբերություններում փակ թեմաներ երբեք չեն լինի: Մեզ մոտ լավ հարաբերություններ են բոլոր ոլորտներում՝ և՛ առևտրատնտեսական, և՛ քաղաքական, և՛ ռազմական: Սակայն դեռ ձգտելու բան կա»,- ասել է նա: