ԱՀ նախագահը ԱՄՆ-ում այցելել է ՀԱԵ Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան և ՀՕՄ Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 18-ին Լոս Անջելեսում այցելել է Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմի առաջնորդարան, մասնակցել Սուրբ Ղեւոնդաց տաճարում մատուցված կիրակնօրյա պատարագին, հանդիպել թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Դերդերյանի, թեմական խորհրդի եւ հայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ:
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արեւմտյան թեմին՝ Արցախին մշտական աջակցություն ցուցաբերելու համար՝ բարձր գնահատելով կառույցի դերակատարությունը Սփյուռքում հայ ազգային ինքնության պահպանման եւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման գործում:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նույն օրը Բակո Սահակյանը Լոս Անջելեսում այցելել է Հայ օգնության միության (ՀՕՄ) Արեւմտյան Ամերիկայի շրջանային վարչություն եւ հանդիպում ունեցել կազմակերպության անդամների հետ` ատենապետուհի Սիլվա Փոլադյանի գլխավորությամբ:
Ջերմ եւ անմիջական մթնոլորտում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, սոցիալ-տնտեսական զարգացմանը, տարածաշրջանային գործընթացներին, Հայրենիք-Սփյուռք կապերին առնչվող հարցեր:
Նախագահ Սահակյանը երախտագիտություն է հայտնել ՀՕՄ-ին՝ Արցախին մշտապես սատարելու համար, նշելով, որ Արցախում խորը հարգանք են տածում կազմակերպության նկատմամբ:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, պաշտոնատար այլ անձինք: