Նիդեռլանդներից ու Բելգիայից անօրեն ճանապարհով 240 մլն եվրոյի տանձ է ներկրվել Ռուսաստան
Նիդեռլանդացի ու բելգիացի այգեգործները տարիներ շարունակ հմտորեն շրջանցում են դեպի Ռուսաստան մթերքի արտահանման սահմանափակումները, որոնք ՌԴ-ը մտցրել էր ի պատասխան Եվրամիության՝ 2014 թվականին Ղրիմի շուրջ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի ֆոնին սահմանած պատժամիջոցների: Լրատվամիջոցներում տարածված տեղեկության համաձայն՝ արտադրողները կարողացել են ՌԴ գյուղմթերք ներկրել կեղծ վկայագրերի միջոցով:
De Volkskrant պարբերականը, մասնավորապես, հաղորդել է, որ 2014-ից ի վեր Նիդեռլանդներից ու Բելգիայից Ռուսաստան է ներկրվել 240 մլն եվրոյի տանձ: Ըստ աղբյուրի՝ տանձերը Ռուսաստան են ներկրվել Լիտվայի կամ Բելառուսի տարածքով, իսկ ապրանքի վկայագրերը կեղծվել են կոռուպցիոն ճանապարհով և հիմնականում աֆրիկյան երկրներից:
«Նման կերպ հանկարծակի պարզվում է, որ տանձերը ներկրվում են ոչ թե Նիդեռլանդներից, այլ ինչ-որ աֆրիկյան երկրից», - գրում է պարբերականը:
Նշվում է, որ նման ճանապարհով ավելի քան 70 000 տոննա նիդեռլանդական ու բելգիական տանձ է հասնում ՌԴ տարածք: Ձեռնարկատերերն այդ կերպ տարեկան աշխատում են նվազագույնը 65 մլն եվրո: Ամեն օր Ռուսաստան է մտնում միջինը 10 բեռնատար, որոնք բեռնված են նիդեռլանդական ու բելգիական տանձերով: