ԱՄՆ-ը նոյեմբերի 20-ին կհայտնի ընդդիմադիր սաուդացի լրագրողի սպանության պատվիրատուի անունը
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նոյեմբերի 20-ին ծավալուն զեկույց կներկայացվի ընդդիմադիր սաուդացի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության վերաբերյալ, գրում է ТАСС գործակալությունը:
Թրամփն ընդգծել է, որ հրապարակվելիք զեկույցը կլինի շատ մանրակրկիտ և ընդգրկուն, ավելին՝ ամերիկյան կողմը զեկույցում կհայտնի նաև սպանության հրամանը տվողի անունը:
«Տեղի է ունեցել սարսափելի մի բան՝ լրագրողի սպանություն: Մենք կունենանք ամբողջական զեկույց առաջիկա երկու օրերի ընթացքում, հնարավոր է՝ երկուշաբթի կամ երեքշաբթի», - ասել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև հաստատել է, որ հեռախոսազրույց է ունեցել Կենտրոնական հետախուզական վարչության տնօրենի հետ՝ կապված ավելի վաղ տարածված տեղեկության հետ, ըստ որի՝ կառույցը եկել է եզրակացության, թե լրագրողի սպանության հրամանը տվել է անձամբ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը: Թրամփը նշել է, որ ԿՀՎ-ի առաջադրած վարկածը դեռևս «շատ նախնական է», և այդ հարցում եզրակացություններ անելը վաղ է: