Եվրոպական ֆիլմերի փառատոնը մեկնարկեց բրիտանական «Քոլեթ» ֆիլմի ցուցադրությամբ
«Մոսկվա» կինոթատրոնում նոյեմբերի 17-ին կայացավ եվրոպական ֆիլմերի փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը: Փառատոնի շրջանակներում ներկայացվելու են եվրոպական 11 երկիր ներկայացնող նոր ֆիլմեր: Ցուցադրությունները կազմակերպվելու են ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում և Դիլիջանում:
Լրագրողների հետ զրույցում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց, որ այս փառատոնի նպատակն է հայ հանդիսատեսին ցույց տալ նոր արտադրության և գեղագիտական նշանակություն ունեցող եվրոպական ֆիլմեր:
«Հայաստանը Սերգեյ Փարաջանովի երկիրն է, մի երկիր, որն աշխարհում և եվրոպական երկրներում ունեցել է իր հսկայական և արժեքավոր ներդրումը կինեմատոգրաֆում: Տեսնում ենք, որ հայ հանդիսատեսը դիտում է տարբեր արտադրության ֆիլմեր` հոլիվուդյան, բոլիվուդյան, «Մոսֆիլմ»-ի արտադրության ֆիլմեր և մտածեցինք, ինչո՞ւ հայ հասարակությանը ցույց չտալ նաև եվրոպական արտադրության ֆիլմեր: Հավատում ենք, որ այս փառատոնի միջոցով կկարողանանք ամրապնդել կամուրջը հայաստանյան հասարակության և ընդլայնված եվրոպական հասարակության միջև»,- ընդգծեց Սվիտալսկին:
Սվիտալսկու հավաստմամբ` Հայաստանի կինեմատոգրաֆի դպրոցը ավելի մոտ է եվրոպական դպրոցին:
Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի խոսքով` փառատոնին ընտրված ֆիլմերը ցույց կտան, թե որտեղ է գտնվում և կանգնած եվրոպական կինեմատոգրաֆն այսօր:
Փառատոնը մեկնարկեց բրիտանական «Քոլեթ» ֆիլմի ցուցադրությամբ:
Փառատոնը կազմակերպվում է Մշակութային ժառանգության եվրոպական տարում` Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և ՅՈՒՆԻՔ Հայաստան կլաստերի կողմից: Փառատոնի իրականացնող գործընկերն է Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը: