Բելառուսի նախագահը երկուշաբթի կընդունի Ալիևին
Ալեքսանդր Լուկաշենկոն Իլհամ Ալիևին կընդունի նոյեմբերի 19-ին։ Ադրբեջանի նախագահը Բելառուսում ունենալու է ընդլայնված կազմով հանդիպումներ, ինչպես նաև Բելառուսի պաշտոնակցի հետ առանձնազրույց։ Այս մասին հայտնում է Բելառուսի նախագահի կայքը։
Քննարկումների հիմնական թեման, ըստ բելառուսական կողմի, լինելու է առևտրատնտեսական ոլորտը, որի մեջ սովորաբար մտնում է նաև ռազմական տեխնիկայի վաճառքը։ Երկու երկրների ղեկավարները քննարկելու են նաև տարածաշրջանային և այլ խնդիրներ։
Սա երկու երկրների ղեկավարների առաջին անձնական հանդիպումն է ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, որից հետո Հայաստանի վարչապետը բուռն քննադատության է արժանացրել Բելառուսի նախագահին։
Լուկաշենկոն գագաթնաժողովի հաջորդ օրը Մինսկում ընդունել է Ադրբեջանի դեսպանին, ու ըստ էության, նրան պատմել, թե ինչ է քննարկվել ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների փակ հանդիպման ժամանակ։