Թուրքիայում 188 զինծառայող է ձերբակալվել
188 զինծառայող Թուրքիայում ձերբակալվել է գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեղադրանքով։ Նրանք եղել են երկրի բանակի ռազմաօդային ուժերի զինծառայողներ, այդ թվում՝ բարձրաստիճան։ Այս մասին հայտնում է թուրքական մամուլը։
Զինծառայողների հայտնաբերման, ձերբակալման գործողությունները կատարվել են 25 նահանգներում, այդ թվում՝ մայրաքաղաքում։ Ձերբակալվածներին մեղադրանք է սպասվում գյուլենական շարժմանն անդամակցելու մեջ, իսկ այդ շարժումը, ինչպես հայտնի է, մեղադրվում է 2016 թվականի ռազմական հեղաշրջման չհաջողված փորձն անելու մեջ։
Դրանից հետո և մինչև հիմա միայն երկրի բանակից հեռացվել է ավելի քան 15 հազար զինծառայող, ինչի մասին հայտնել է երկրի պաշտպանության նախարարը։
Շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենը, որ կրոնական գործիչ է ու բնակվում է ԱՄՆ-ում, նախկինում աջակցել է Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այն ժամանակ իշխանությունը վերցնելիս Էրդողանը հենվել է գյուլենական համայնքի վրա, իսկ երբ որոշել է դառնալ Թուրքիայի միանձնյա տիրակալը, ազգի թշնամի է հայտարարել Գյուլենին ու նրա վրա բարդել նաև 2016 թվականին Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեղքը։
Տասնյակ հազարավոր ուժայիններ (ոչ միայն զինծառայողներ, այլև ոստիկաններ, ժանդարմներ, դատավորներ, դատախազներ, ազգային անվտանգության ծառայողներ և այլն) հետապնդվել, աշխատանքից ազատվել ու դատապարտվել են գյուլենական շարժման անդամ լինելու մեղադրանքով։ Ձերբակալություններն ու հեռացումները նույնիսկ հանգեցրել են Թուրքիայի բանակի մարտունակության մասնակի անկման, բայց նույնիսկ դա երկրի իշխանություններին հետ չի պահել իրենց պատժիչ գործողություններից։