Կամերային նվագախումբը հիմնադրի 85-ամյակի առթիվ հանդես եկավ մեծ համերգով
Հայաստանի պետական կամերային նվագախումբը հիմնադրի՝ Զարեհ Սահակյանցի 85-ամյակի առթիվ հանդես եկավ մեծ համերգով: Նոյեմբերի 11-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտությանը տանն անցկացվեց երեկո, որի ընթացքում Կամերային նվագախումբը ղեկավարեց դիրիժոր Հարություն Արզումանյանը:
ՀՊԿՆ-ի հետ հանդես եկան Նիկոլայ Մադոյանը (ջութակ), Խուան Պարդոն (ալտ տրոմբոն/Իսպանիա), Նարեկ Կազազյանը (քանոն), Մարի Լալայանցը (ֆլեյտա), Լիա Հարությունյանը (ֆլեյտա), Մաքսիմ Նովիկովը (ալտ/Ռուսաստան): Երաժիշտներն ու նվագախումբը հանդիսատեսին ներկայացրին Գեորգ Վագենզեյլի, Ծովինար Հովհաննիսյանի, Երվանդ Երկանյանի, Էդվարդ Միրզոյանի, Մաքս Ռեգերի ստեղծագործությունները:
Ընդ որում՝ նշենք, որ համերգային երեկոյին ներկայացվեցին ոչ այդքան հաճախ հնչող, բայց միևնույն ժամանակ գեղեցիկ ու ինքնատիպ ստեղծագործություններ: Ինքնատիպ էր նաև տարատեսակ գործիքների բազմազանությունը՝ ալտ տրոմբոն, քանոն, ֆլեյտա, ալտ, ջութակ: Նման բազմազանություն հազվադեպ կարելի է նշմարել դասական երաժշտության երեկոներին:
Ալտահար Մաքսիմ Վենգերովը թեև Հայաստանում բազմիցս հանդես է եկել համերգներով, սակայն Կամերային նվագախմբի հետ առաջին անգամ էր ելույթ ունենում: «Առաջին համագործակցությունն է նվագախմբի հետ: Պրոֆեսիոնալ նվագախումբ է, շատ հաճելի էր համագործակցել: Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել Զարեհ Սահակյանցի 85-ամյակին նվիրված համերգին:
Գիտեմ, որ Զարեհ Սահակյանցը երաժշտարվեստում շատ բան է արել: Գիտեմ նաև, որ ալտ է նվագել, ինձ նրա մասին շատ բան է պատմել Սահակյանցի դուստրը՝ Սաթի Սպիվակովը»,-նշում է Մաքսիմ Նովիկովը:
Նշենք, որ ջութակահար, դիրիժոր Զարեհ Սահակյանցը 1957-58 թթ. եղել է Մոսկվայի կամերային նվագախմբի ջութակահար: 1958 թ. վերադարձել է Հայաստան և 1960-63 թթ. ստանձնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստերի պաշտոնը: 1962-75 թթ. եղել է իր հիմնադրած Հայաստանի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը:
Զարեհ Սահակյանցը շնորհիվ իր վառ անհատականության և հեղինակության կարողացավ իր շուրջը համախմբել մի խումբ նվիրյալ երաժիշտների, և կարճ ժամանակում Կամերային նվագախումբը ձեռք բերեց մեծ համբավ Հայաստանում և նրա սահմաններից դուրս: Սահակյանցի անձի և անվան հետ են կապված նվագախմբի բարձրաճաշակ գեղարվեստական ոճի ձևավորումը, երկացանկային հստակ դիրքորոշումը, ունկնդրի խանդավառ ընդունելությունը Հայաստանում, ԽՍՀՄ հանրապետություններում և արտերկրի համերգասրահներում:
Նրա թողած կատարողական, ստեղծագործական հարուստ ավանդույթները ժառանգեցին ու շենացրին նվագախմբի հետագա գեղարվեստական ղեկավարները՝ Կոստանդին Բաղդասարյանը` 1975-ից, Ռուբեն Ահարոնյանը`1982-ից, Արամ Ղարաբեկյանը՝ 1997-ից: 2011-ին նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր նշանակվեց Վահան Մարտիրոսյանը: