Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը հաջորդ տարի կհանդիպեն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է 2019թ․ հանդիպել հյուսիսկորեացի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ եւ պետք է պնդի, որ Փխենյանը սպառազինությունների ծրագրերի դադարեցման պլան ներկայացնի։ Այս մասին Սինգապուրում Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Մայքլ Փենսը՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նրա խոսքերով՝ հանդիպումն, ամենայն հավանականությամբ, կկայանա հաջորդ տարվա առաջին կեսին, սակայն ժամանակն ու տեղը դեռ քննարկվում են։
NBC News-ին տված հարցազրույցում Փենսն ասել է, որ Միացյալ Նահանգները Փխենյանից կպահանջեն միջուկային զենքի ամբողջական ցուցակն ու դրա տեղակայման վայրերը։ «Կարծում եմ՝ հաջորդ գագաթաժողովին անհրաժեշտ կլինի, որ մենք ամբողջ միջուկային զենքի մասին գործողությունների ծրագիր մշակենք՝ նշելով դրանց տեղը, ինչպես նաեւ՝ ապամոնտաժման պլանը»,- ասել է Փենսը։
Նա նշել է, որ ԱՄՆ-ը կշարունակի ճնշում գործադրել Հյուսիսային Կորեայի վրա եւ կպահպանի պատժամիջոցները։