Ֆրանսիան չի ցանկանում ԱՄՆ-ի վասալը լինել. Մակրոն
Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները պատմական դաշնակիցներ են, սակայն դաշնակից լինելը չի նշանակում վասալ լինել: ՏԱՍՍ լրատվականի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ «Շառլ դը Գոլ» ֆրանսական ավիակրի վրա TF1 հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«ԱՄՆ-ն եղել և մնում է մեր պատմական դաշնակիցը, սակայն դա չի նշանակում նրա վասալը լինել, մենք չպետք է նրանցից կախում ունենանք», - ասել է Մակրոնը՝ մեկնաբանելով Փարիզի և Վաշինգտոնի միջև ստեղծված հարաբերությունները:
Նա չի ցանկացել մեկնաբանել Դոնալդ Թրամփի՝ իր դեմ ուղղված քննադատություն պարունակող թվիթերյան գրառումը: «Չեմ պատրաստվում գրառումներին պատասխանել, դա այն չէ, ինչ ինձնից սպասում է ֆրանսիացի ժողովուրդը», - ասել է Մակրոնը՝ ընդգծելով, որ դաշնակիցները պետք է հարգեն միմյանց: