Թուրքիայում Ղարաբաղ անվանումով ևս մեկ զբոսայգի է բացվել
Թուրքիայի Շանլըուրֆա (Ուրֆա) քաղաքում «Ղարաբաղ. եղբայրության այգի» անվանումով զբոսայգի է բացվել: Ուրֆայի քաղաքապետարանի կողմից կառուցված զբոսայգում կանգնեցվել է նաև այսպես կոչված Խոջալուի ցեղասպանության հուշարձան: Այս մասին գրում է ermenihaber.am-ը:
Թուրք-ադրբեջանական սև քարոզչության հերթական արգասիքը հանդիսացող զբոսայգու բացմանը ներկա են գտնվել Ուրֆայի քաղաքապետ Նիհաթ Չիֆթչին, թուրք պատգամավորներ, ինչպես նաև Ադրբեջանի մեջլիսի պատգամավոր Գանիրե Փաշաևան, ով մշտապես ներկա է գտնվում Թուրքիայում իրականացվող բոլոր հակահայկական նախագծերին:
Չիֆթչին տեղեկացրել է, որ Ուրֆայի քաղաքային խորհուրդը քաղաքի Էյյուբիյե շրջանում բացված 106.000 քմ. մակերես ունեցող այս այգուց բացի մեկ ծառուղի էլ կառուցվում է Քարաքյոփրու շրջանում, որն էլ անվանելու են Ադրբեջանի ծառուղի:
Բացման ժամանակ ելույթ ունեցած Փաշայեվան էլ ասել է, որ «եղբայրության այգու» բացմամբ իրենք կարևոր ուղերձ են հղում և՛ իրենց բարեկամներին, և՛ թշնամիներին:
Վերջինս շնորհակալություն է հայտնել Թուրքիային «հայերի իրականացրած կոտորածների» ժամանակ իրենց կողքին լինելու համար: Ադրբեջանցի պատգամավորը ավելացրել է նաև, որ Թուրքիայից բացի միակ մուսուլմանական երկիրը, որ իրենց աջակցել է այդ հարցում, Պակիստանն է: