«Դա անշնորհքություն է». Չավուշօղլուն պատասխանել է Էրդողանին մեղադրած Ֆրանսիայի արտգործնախարարին
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Իվ Լը Դրիանի հայտարարությանը, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սաուդցի ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունն օգտագործում է «քաղաքական խաղերի» համար:
Ինչպես գրում է թուրքական «Յենի Աքըթ» պարբերականը, Չավուշօղլուն նշել է, որ Ֆրանսիայի արտգործնախարարն իր հայտարարությունների մեջ «չափն անցել է» և նման մեղադրանքները սազական չեն նախարարի պաշտոն ստանձնած անձին:
«Հարգելի նախագահին քաղաքական խաղ խաղալու համար մեղադրելն անշնորհքություն է: Եթե վաղն այս երկրները հերքեն այս սպանությունը՝ չզարմանաք: Սակայն ինչ էլ ուզում է լինի՝ Թուրքիան ամեն ինչ անելու է այս հանցանքի բացահայտման համար»,- ասել է նա: