Էրդողանի օգնականը նշել է, թե որ դեպքում Թուրքիան կվերադառնա «Եվրատեսիլ»
Թուրքիան «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթ կվերադառնա միայն այն դեպքում, եթե հաղթողին ընտրող համակարգն «ավելի արդար» գործի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնական Ֆուաթ Օքթայը, գրում է թուրքական T24 կայքը:
Օքթայը նշել է, որ դեռևս 2009թ.-ին մրցույթի փոփոխված կանոնները, ըստ որոնց մասնակցի միավորները հաշվվում են ոչ միայն հեռուստադիտողի քվեով, այլև միջազգային ժյուրիի գնահատականներով, իրենք այդքան էլ օբյեկտիվ չեն համարում: Բացի այդ՝ մրցույթի կազմակերպիչ 5 երկրների՝ միանգամից եզրափակչում հայտնվելու առավելությունը Թուրքիան նույնպես համարում է ոչ արդար, և այս բոլոր պատճառներից ելնելով էլ նախընտրել է չմասնակցել մրցույթին:
Էրդողանի օգնականը, սակայն, չի հերքել, որ մրցույթը բավականին օգտակար է Թուրքիայի համար աշխարհի բազմաթիվ երկրներին ներկայանալու ու ավելի մեծ ճանաչում ձեռք բերելու տեսանկյունից, և իրենք չեն բացառում, որ կվերադառնան մրցույթ, եթե գործող կանոնների մեջ փոփոխություններ արվեն: