Ռուսաստանը պատրաստ է ռազմական ագրեսիայի դեպքում ապահովել Հայաստանի անվտանգությունը. Պետդումայի պատգամավոր
ՌԴ պետդումայի պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Յուրի Շվիտկինը մեկնաբանել է Հայաստանի անվտանգության հարցում Ռուսաստանի դերի մասին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը: Այս մասին տեղեկանում ենք Riafan լրատվական գործակալությունից:
Պատգամավորի խոսքով՝ Ռուսաստանը պատրաստ է ռազմական ագրեսիայի դեպքում ապահովել Հայաստանի անվտանգությունը:
«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, մենք այդ երկրի հետ ջերմ և կառուցողական հարաբերություններ ունենք, այդ թվում՝ ռազմատեխնիկական ոլորտում: Հայ և ռուս ժողովուրդները եղբայրներ են: Մենք միասին պատասխանատվություն ենք կրում ՀԱՊԿ անդամ բոլոր երկրների անվտանգության ապահովման համար և պատրաստ ենք դիմակայելու ցանկացած սպառնալիքի՝ որտեղից էլ այն գա», - ասել է Շվիտկինը:
Նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ՌԴ Զինված ուժերը և սահմանապահները կարևոր դեր են խաղում Հայաստանի անվտանգության ապահովման գործում: