Լիլիթ Մակունցը պարզաբանել է, թե ինչու «Սայաթ-Նովա» անսամբլին ֆինանսական աջակցություն չի ցուցաբերվել
Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն իր ֆեսյբուքյան էջում պարզաբանել է, թե ինչու նախարարությունը «Սայաթ-Նովա» անսամբլին բարեգործական համերգի մեկնելու համար ֆինանսական աջակցություն չի ցուցաբերել:
«Պաշտոնապես հայտնում են, որ Թովմաս Պողոսյանը բարեգործական համերգի ֆինանսական աջակցության դիմումը նախարարություն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին, առավոտյան 10.03-ին: Նույն օրը առավոտյան 10.23-ին դիմումը մակագրվել է համապատասխան վարչություն, եւ գործին տրվել է ընթացք:
Նշեմ, որ սեպտեմբերի 13-ը եղել է հինգշաբթի օր, իսկ համերգը նախատեսված է եղել անցկացնել երկուշաբթի՝ սեպտեմբերի 17-ին, Արցախի Հանրապետությունում: Չնայած այն հանգամանքին, որ կայացվել է դրական որոշում ֆինանսական աջակցություն ցուցաբերելու հետ կապված, այդ կարճ ժամանակահատվածում՝ փաստացի 2 աշխատանքային օրվա ընթացքում, տեխնիկապես հնարավոր չի եղել ապահովել ֆինանսական աջակցությունը, քանի որ հատկացումներ կատարելու համար կա օրենքով նախատեսված որոշակի ընթացակարգ:
Միջոցառումն անցկացնելուց հետո հնարավոր չէր կատարել փոխանցումը, քանի որ այն այդ պարագայում համարվում է փոխհատուցում, այլ ոչ աջակցություն, ինչը նախարարության համար գրանցվում է որպես ֆինանսական խախտում՝ իր հետևանքներով: Պարոն Պողոսյանն այդ մասին տեղեկացվել է գրավոր:
Առիթն օգտագործելով՝ խնդրում եմ, որպեսզի աջակցություն ցուցաբերելու դիմումները ներկայացվեն նախարարություն առնվազն 2 շաբաթ նախատեսվող միջոցառումից շուտ:
Հերքում եմ նաև այն պնդումը, որ «արգելված է» նախարարություն մուտք գործելը կամ նախարարի հետ հանդիպելը: Նման բան գոյություն չունի և չի էլ կարող ունենալ»,- գրել է Մշակույթի նախարարը:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» թերթի հետ զրույցում Թովմաս Պողոյսանը պատմել էր, որ ամիսներ առաջ ինքը «Սայաթ-Նովա» անսամբլով պետք է մեկներ Արցախ հայոց բանակի զորամասերում բարեգործական համերգներ տալու եւ դիմել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցին` խնդրելով տրամադրել ավտոբուսի գումար, որպեսզի հասնեն Արցախ եւ վերադառնան, սակայն պաշտոնական պատասխան են ստացել` «հարգելի՛ս, Դուք ուշ եք դիմել»: «Ես նախարարին դիմել եմ պաշտոնական նամակով, որովհետեւ նրանց մոտ մտնելը նույնիսկ արգելված է: Իրենք այսօր էլ ժամանակ չունեն, ինչպես նախորդ նախարարները: Նրանց մոտ մտնելը երբեւէ բացառած հանգամանք է»,- նշել էր Պողոսյանը: