Դերասան Չարլի Շինը Մալիբուում տարհանման ժամանակ կորցրել է ծնողներին
Ամերիկացի դերասան Չարլի Շինը հայտնել է, որ Կալիֆոռնիայի Մալիբու առողջարանային քաղաքում անտառային հրդեհների պատճառով անցկացվող տարհանման ժամանակ կորցրել է ծնողներին, որոնք ավելի ուշ գտնվել են:
Ինչպես գրում է РИА Новости-ն, Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունն ուրբաթ տեղեկացրել է, որ Մալիբուի տարածքում տարհանում է հայտարարվել անտառային հրդեհների պատճառով: Մալիբուի բնակիչներից շատերը հավաքվել են լողափում: Մարդիկ բողոքում էին բջջային հեռախոսների թույլ կապից և չէին կարողանում կապվել հարազատների հետ:
«Ես չեմ կարողանում կապվել ծնողներիս՝ Մարտին և Ջանեթ Շիների հետ: Եթե ինչ-որ մեկը տեսնի նրանց, խնդրում եմ, տեղեկացրեք ինձ, որ նրանց հետ ամեն ինչ լավ է: Կանխավ շնորհակալություն», -իր թվիթերյան էջում գրել է դերասանը:
Ավելի ուշ ամերիկյան հեռուստատեսության աշխատակիցներին հաջողվել է լողափում գտնել դերասանի հորը: