Մեկնարկել է Խաղաղության համաժողովը
Փարիզում մեկնարկել է խաղաղության համաժողովը, որը նվիրվում է Առաջին աշխարհամարտի ավարտի 100-ամյակին:
Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, համաժողովի նախաձեռնությունը պատկանում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և կոչված է դառնալու պատասխան ժամանակակից աշխարհում լարվածության աճին: Երկրների և կառավարությունների ղեկավարները, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչները համաժողովին են ժամանել Փարիզի Հաղթանակի կամարի մոտ տեղի ունեցած հանդիսավոր արարողությունից և Ելիսեյան պալատում լանչից հետո:
Համաժողովը բացել է Մակրոնը, որն իր ելույթում ընդգծել է միջոցառման կարևորությունն ու շնորհակալություն հայտնել բոլորին, ով ներդրում է ունեցել դրա անցկացման համար: «Աշխարհը, որում մենք ապրում ենք, թուլացել է ճգնաժամերի պատճառով, որոնք ապակայունացնում են մեր հասարակությունը… այդ իսկ պատճառով մենք որոշել ենք ստեղծել Խաղաղության փարիզյան համաժողովը, որն անցկացվելու է ամեն տարի… Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր եկել են և ներկա են այստեղ», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահը:
Նրանից բացի բացման արարողությանը ելույթ են ունեցել նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, որը Փարիզում է գտնվում, որոշել է չմասնակցել համաժողովին:
Համաժողովի աշխատանքը կշարունակվի մինչև նոյեմբերի 13-ը: