Ռազմաբազայում պայթյունի հետեւանքով զոհվածների թիվը հասել է յոթի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ հայտարարել է, որ Հաքյարի նահանգում ռազմաբազայում ռազմամթերքի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 7 զինվոր, հայտնում է ABC News-ը:
Նա նաև հայտնել է, որ վիրավորվել է 25 զինծառայող:
Ուրբաթ երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ ռազմաբազայում ռազմամթերքի պայթյունի հետեւանքով վիրավորվել է 25 մարդ, իսկ 7-ն անհայտ կորել է:
Հաղորդվում է, որ Հաքյարի նահանգը, որտեղ տեղակայված է ռազմաբազան, գտնվում է Իրաքի եւ Իրանի սահմանին: Բազան հիմնականում օգտագործվում է քուրդ ապստամբների դեմ ուղղված գորոծողությունների իրականացման համար:
Ավելի վաղ ելույթ ունենալով Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի մահվան 80-ամյակին նվիրված միջոցառումների ժամանակ՝ Էրդողանը հայտարարել էր, որ բազայում ռազմամթերքի պայթյունի հետեւանքով զոհվել է 4 մարդ: Ավելի ուշ Փարիզ մեկնելուց առաջ նա այս տեղեկությունը ճշտել էր եւ հայտնել 7 զինվորի զոհվելու ու 25-ի վիրավորվելու մասին:
Թուրքիայի նախագահի խոսքով՝ վիրավորներից չորսի վիճակը ծանր է: Նրանց տարհանել են ուղղաթիռով եւ տեղափոխել Անկարայի հիվանդանոց: Մնացյալ վիրավորները հոսպիտալացվել են Հաքյարի նահանգում: Նա հավելել է, որ տեղի ունեցածի քննություն է ընթանում: Առայժմ հայտնի չէ՝ պայթյունը վարժանքների՞ ժամանակ է տեղի ունեցել, թե՞ ապստամբների հետ բախումների ժամանակ: