Մակրոնն ու Մերկելը 1918 թվականի զինադադարի հուշահամալիրում բացել են հուշատախտակը
Ֆրանսիայի Ուազա դեպարտամենտում Կոմպյենի հուշահամալիրում նոր հուշատախտակի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «Interfax»- ը:
«1918 թվականի նոյեմբերի 11-ի զինադադարի 100-ամյակի առիթով պարոն Էմանուել Մակրոնը՝ Ֆրանսիայի նախագահ և տիկին Անգելա Մերկելը՝ Գերմանիայի կանցլեր հաստատեցին այստեղ ֆրանս-գերմանական զինադադարի նշանակությունը ի բարօրություն Եվրոպայի եւ խաղաղության»,- Առաջին աշխարհամարտի զինադադարի ստորագրման վայրում տեղադրված հուշատախտակի վրա նշված է ֆրանսերեն եւ գերմաներեն գրառման մեջ:
Նոր հուշատախտակը կոչված է շրջելու էջը, որը բնորոշված է հուշահամալիրի վրա եղած պատմական գրառման մեջ. «Այստեղ 1918 թվականի նոյեմբերի 11-ին խորտակվեց Գերմանական կայսրության հանցավոր ամբարտավանությունը, որին հաղթեցին ազատ ժողովուրդները, որոնց նա փորձում էր շահագործել»:
Մակրոնն ու Մերկելը հուշահամալիրին ծաղկեպսակ են դրել, այնուհետեւ լռության րոպեից հետո այցելել են այն վագոնի պատճենը, որի մեջ 1918 թվականին զինադադարը ստորագրվել է: Ֆրանսիայի նախագահը եւ Գերմանիայի կանցլերը ստորագրել են Կոմպյենի թանգարանի «ոսկե մատյանում»:
«Խայտառակության վագոնը», ինչպես այն երբեմն անվանում են պատմաբաններն ու քաղաքական գործիչները, վերականգնվել է 1950 թվականին, քանի որ Առաջին աշխարհամարտի մասունքը 1945 թվականին հիտլերականները ոչնչացրել էին: Գերմանիան 1940 թվականին այս նույն վագոնում Ֆրանսիայի իշխանություններին ստիպել է ստորագրել «երկրորդ կոմպյենյան զինադադարը» կամ Ֆրանսիայի փաստացի կապիտուլյացիան:
Կիրակի՝ նոյեմբերի 11-ին, Ֆրանսիայում, որի տարածքում են ծավալվել Առաջին աշխարհամարտի հիմնական իրադարձությունները, որը երկրին վիթխարի վնաս էր պատճառել, տեղի կունենան հիշատակի հանդիսություններ, որոնց սպասում են ավելի քան 60 արտասահմանյան պետությունների եւ կառավարությունների ղեկավարների: