Հրանտ Դինքի մասին պատմող գիրքն արժանացել է ֆրանսիական հեղինակավոր «Ռընոդո» մրցանակին
Ֆրանսիայի ամենահեղինակավոր գրական մրցանակներից մեկը՝ «Ռընոդո»-ն, շնորհվել է Վալերի Մանտոյին՝ պոլսահայ գրող, հրապարակախոս և լրագրող Հրանտ Դինքի կյանքը պատմող «Ակոսը» («Le Sillon») վեպի համար: Սա հեղինակի երկրորդ գիրքն է, որը լույս է տեսել 2018թ․ օգոստոսին։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
33-ամյա գրողը մրցանակը ստացել է նոյեմբերի 7-ին՝ Փարիզում։ Իր ելույթում նա նշել է, որ հիացած է Հրանտի գաղափարախոսությամբ և նրա մասին գիրք գրելու միտքը ծագել է հենց Դինքի կենսագրությունը ընթերցելիս։
«Դինքի քաղաքական դիրքորոշումը շատ հետաքրքիր էր։ Նրա նպատակը ոչ այնքան սեփական իրավացիությունը ապացուցելն էր, որքան մարդկանց առերեսումը, նրանց առաջընթացն ապահովելը», – նշել է Մանտոն։