Եթե սահմանը բաց լինի՝ հարաբերությունները կզարգանան, մարդիկ ավելի շատ կգնան-կգան. Կարո Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի 2019 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ առիթն օգտագործել է հայ-թուրքական սահմանի բացման մասին խոսելու համար:
Ինչպես տեղեկանում ենք Փայլանի պաշտոնական թվիթերյան էջից, հայազգի պատգամավորը նշել է, որ իր կարծիքով՝ սահմանի բացման համար նոր գործընթաց սկսելու անհրաժեշտություն կա:
«Եթե սահմանը բաց լինի՝ հարաբերությունները կզարգանան, մարդիկ ավելի շատ կգնան-կգան: Եթե մենք խնդիրներ ունենք՝ կլուծենք դրանք։ Կարծում եմ, որ խնդրի վերաբերյալ նոր գործընթաց սկսելու անհրաժեշտություն կա»,- ասել է պատգամավորը:
Ավելի վաղ Փայլանը, խոսելով հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության մասին, ասել էր. «Սահմանների բացումը, երկու երկրների՝ առանց նախապայմանների երկխոսություն սկսելը կարող է մեզ համար մի պայքար դառնալ, որը թույլ կտա իրագործել Թուրքիայի արևելյան (Արևմտյան Հայաստանի) քաղաքների ու Հայաստանի նոր հանդիպումը։ Սա Ստամբուլի հայերի համար էլ շատ կարևոր կլինի»:
Ըստ նրա՝ այժմ շատ կարևոր է Թուրքիայի հայության հետ աշխատել ոչ միայն Ստամբուլում, այլև հենց պատմական Արևմտյան Հայաստանի տարածքում։