Էրդողանի Փարիզ կատարելիք այցի դեմ հայտարարությունը ստորագրել են 65 հայտնի գործիչներ
Ֆրանսիական Le Monde թերթը հրապարակել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհրդի հայտարարությունը, որի ներքո ստորագրել են ինչպես հայ, այնպես էլ Ֆրանսիայի հասարակական, քաղաքական հայտնի գործիչներ: Հայտարարությանը միացած անձինք իրենց բողոքն են արտահայտում նոյեմբերի 11-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Փարիզ կատարելիք այցի կապակցությամբ, որն այստեղ մասնակցելու է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողություններին: Գործիչները դատապարտում են Թուրքիայի նախագահի ներկայությունը արարողություններին, ինչը, ըստ նրանց, կարող է խաթարել դրանց իմաստը:
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Ժխտողական պետություն Թուրքիան շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանության փաստը: Թվում է՝ այդ երկրի ղեկավարը Հայոց ցեղասպանությունից արել է միայն մեկ եզրակացություն. այն, որ հանցանքը կարող է գնվել»: Հայտարարությանը միացածները պահանջում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից իր հյուրին ցույց տալ, որ նրա ներկայությունը հիշատակի արարողություններին չի կարող լինել հիմնավոր՝ հաշվի առնելով նաև նրա կառավարման ռեժիմի դրսևորումները, բռնաճնշումները, որոնք հակասում են 100-ամյա զինադադարի արժեքներին:
Հայտարարության ներքո ստորագրել են Եվրոպական հակառասիստական շարժման նախագահ Բենժամին Աբտանը, աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդին՝ Նիկոլա Ազնավուրը, Աթենքի համալսարանի պրոֆեսոր Չենգիզ Աքթարը, պատմաբաններ՝ Անետ Բեքերը, Համիթ Բոզարսլանը, փիլիսոփա Պասկալ Բրյուկները, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավորներ՝ Մարին Բրինիեն, Ժան Կլոդ Բուշեն, Վալերի Բուայեն, Լյուկ Կարվունասը, Ֆրանսիայում Քրդստանի ժողովրդավարական խորհրդի նախագահ Վեդատ Բինգոլը, նախկին ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը, տնտեսագետ և քաղաքագետ Ահմեդ Ինսելը, Լիոնի նախկին քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը և այլք: