Ադրբեջանցիների հետ ընկերանալու օրակարգը կեղծ է, խնդիրն Ադրբեջանում է. Էլիբեգովա
Հայաստանում վերջին շրջանում ակտիվացած այն ծրագիրը, որով կոչ է արվում ադրբեջանցիների հետ ընկերություն անել, կեղծ օրակարգ է, որովեհտև հայերը նման խնդիր չունեն: Հայերը միջազգային կոնֆերանսների ընթացքում, այլ հանդիպումների ընթացքում անկաշկանդ շփվում են ադրբեջանցի մասնակիցների հետ: Այս մասին այսօրվա ասուլիսի ընթացքում հայտարարեց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան:
Փոխարենը խնդիր կա ադրբեջանական կողմում, քանի որ հենց Ադրբեջանն է արգելում հայերի մուտքն Ադրբեջան, նույնիսկ եթե այդ հայն այլ երկրի քաղաքացի է: Փորձագետի խոսքով՝ նույն խնդիրը կա հենց նշված միջազգային կոնֆերանսների ու այլ միջոցառումների ժամանակ շփումների տեսանկյունից: Ադրբեջանցիները սովորաբար իրենց պատվիրակությունների հետ ուղարկում են նաև հատուկ վարժեցված աշխատակիցներ, որոնք հսկում են հայերի հետ իրենց մասնակիցների շփումները:
Այս պայմաններում, փորձագետի խոսքով, տարօրինակ է, որ համերաշխության ու ընկերության կոչերն ակտիվորեն շրջանառվում են հենց հայկական կողմում, ոչ թե ադրբեջանական: