ՌԴ-ում ազգությամբ հայ կասկածյալին մինչև 20 տարվա ազատազրկում է սպասվում
Վորոնեժի շրջանային դատախազությունը հաստատել է ավազակախմբի դեմ առաջադրված մեղադրանքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Հաղորդվում է, որ խմբավորման անդամները վերջին երկու տարում գումարներ էին հափշտակում գործարարներից:
«Խումբը ստեղծվել է ազգությամբ հայ 36-ամյա քաղաքացու կողմից: Նա որոշել է, որ լավ կյանքի համար պարտադիր չէ աշխատել, ավելի հեշտ է հափշտակել ուրիշի աշխատածը: Այդ ծրագրի իրականացման համար նա համախմբել էր ֆիզիկական լավ տվյալներով իր ծանոթներին»,- ասել է այդ շրջանի դատախազության ներկայացուցիչը:
Հաղորդվում է, որ խմբի անդամները տեղի գործարարներից ամսական 5 հազար ռուբլու չափով գումար են պահանջել, վճարել հրաժարվողներին ծեծի են ենթարկել, սպառնացել ու այրել նրանց գույքը:
Քրեական գործ է հարուցվել մի քանի հոդվածով: Խմբի անդամներին մինչև 20 տարվա ազատազրկում է սպասվում: