Facebook-ը հրաժարվել է տարածել Թրամփի նախընտրական հոլովակը
Ամերիկյան բազմաթիվ հեռուստաընկերություններ քննադատել են Հանրապետական կուսակցությանն աջակցող նախընտրական հոլովակը: Facebook սոցիալական կայքն էլ արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական հոլովակի վճարովի տարածումը: Հոլովակում ներգաղթյալների քարավանն է, որ շարժվում է դեպի ԱՄՆ սահման:
Սոցկայքը հայտարարել է, որ տվյալ հոլովակը խախտում է «Ֆեյսբուք»-ում գովազդի տեղադրման կանոնները:
«Չնայած այն հանգամանքին, որ այս հոլովակը կարելի է պարզապես «Ֆեյսբուք»-ում ներբեռնել, այն չի կարող գումարի դիմաց տարածվել՝ իբրև գովազդ»,- ընդգծել են ընկերությունում:
Հոլովակը 30 վայրկյան տևողություն ունի, այն ամերիկացիներին նախազգուշացնում է 7 000 ներգաղթյալի «ներխուժման» մասին:
«Կանգնեցրե՛ք քարավանը, քվեարկե՛ք հանրապետականների օգտին: Ես Դոնալդ Թրամփն եմ և ես սատարում եմ այս հաղորդագրությանը»,- ասվում է հոլովակում: