«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր կազմում Սերժ Սարգսյանի եղբայրը ընդգրկված չէ
«Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նոր նախագահ ունի: Այս մասին facebook-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը։
«Մեր օրերի լավագույն գիտնականներից Լևոն Աբրահամյանը քիչ առաջ ընտրվեց «Մատենադարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Լավագույն փոփոխությունները շարունակվում են», - գրել է Արայիկ Հարությունյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այս տարվա հունվարի 19-ին «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ էր ընտրվել Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Լեւոն Սարգսյանը: Ավելի ուշ մի քանի անգամ նիստերին չներկայանալուց հետո նրա փոխարեն խորհուրդը նախագահի ժամանակավոր պաշտոնակատար էր ընտրել Գիտության պետական կոմիտեի ղեկավար Սամվել Հարությունյանին:
Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանը տեղեկացրել էր, որ վարչապետի հաստատմանն է ներկայացվել Մատենադարանի խորհրդի նոր կազմը, որտեղ Լեւոն Սարգսյանն ընդգրկված չէ: