ԱՄՆ-ը ծրագրում է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել. Բոլթոն
Անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է Իրանի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանել, որոնք ուղղված կլինեն նավթային, բանկային և տրանսպորտային ոլորտներին։
«Մեր նոր պատժամիջոցները սրանցից ավելի կոշտ կլինեն։ Մենք չենք բավարարվի անցյալում եղած պատժամիջոցների մակարդակով»,- Fox Business-ին տված հարցազրույցում ասել է Բոլթոնը։
Բոլթոնը նշել է, որ պատժամիջոցները «հսկայական» ազդեցություն են գործել Իրանի տնտեսության վրա՝ ռիալն ընկել է 70 տոկոսով, ինֆլյացիան չորս անգամ մեծացել է։ Նա նաև հավելել է, թե այս ամենը կհանգեցնի նրան, որ Իրանը «չի կարողանա շարունակել իր միջուկային ծրագիրը, ֆինանսավորել ահաբեկչությունը և Մերձավոր Արևելքում զբաղվել ռազմական գործունեությամբ»։