ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կժամանի Հայաստան
ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Կլիմո Նյալետսոսի Վուլը (Clément Nyaletsossi Voule) նոյեմբերի 7-16-ը կայցելի Հայաստան՝ գնահատելու երկրում խաղաղ հավաքների անցկացման ազատության իրացման մակարդակը:
Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի պաշտոնական կայքը: Այցի արդյունքներով Վուլը 2019 թվականի հունիսին Մարդու իրավունքների 41-րդ նստաշրջանին կներկայացնի համապարփակ զեկույց:
«Հայաստանում խաղաղ, ժողովրդավար փոփոխությունների շրջան է, ինչը մեծ նշանակություն կարող է ունենալ մարդու բոլոր իրավունքների, մասնավորապես խաղաղ հավաքներ իրականացնելու իրավունքի պաշտպանության և ընդլայնման տեսակետից, ինչպես նաև կարող է նպաստել օրենքի գերակայության ամրապնդմանը՝ հանուն ժողովրդավարական նվաճումների ու տնտեսական զարգացման»,- նշել է փորձագետը: Նա ընդգծել է, որ այցը հնարավորություն կընձեռի շփումների միջոցով ուսումնասիրել Հայաստանում խաղաղ իրավունքի իրացման խնդիրները:
10-օրյա այցի ընթացքում Վուլը կլինի Գյումրիում, Վանաձորում, Վայքում և Երևանում, կհանդիպի կառավարության, դատական, օրենսդիր համակարգերի, դիվանագիտական կորպուսի, միջազգային կազմակերպությունների մեդիայի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, ինչպես նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հետ:
Նոյեմբերի 16-ին Կլիմո Նյալետսոսի Վուլը Երևանում հանդես կգա մամուլի ասուլիսով: