Որքան գումար է ծախսում ԱՄՆ իր միայնակ տարեցների համար
Թոշակառուների ամերիկյան ասոցիացիային կից հետազոտական կենտրոնը ուսումնասիրություններ է անցկացրել, որոնց համաձայն՝ 65 տարեկանից բարձր յուրաքանչյուր սոցիալապես մեկուսացած՝ մենակյաց ամերիկացին ԱՄՆ տնտեսության համար արժենում է ամսական 134 լրացուցիչ դոլար կամ տարեկան 1,6 հազար դոլար։ Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ը մենակյաց մարդկանց վրա ծախսում է տարեկան 6,7 մլրդ դոլար։
Այդ ծախսերի հիմնական վճարողը պետությունից ֆինանսավորվող Medicare բժշկական ապահովագրական համակարգն է, որից օգտվում են ավելի քան 30 մլն տարեց մարդիկ։
Հարցմանը մասնակցել են 65 տարեկանից բարձր 5,3 հազար մարդ։ Նրանց մեծ մասը՝ 86%-ը հայտարարել է, որ անձնական կապեր ունի ազգականների հետ։ Մնացած 14%-ը ապրում է սոցիալապես մեկուսի կյանքով և ավելի շատ խնդիրներ ունի առողջության հետ կապված։