Որպես բողոքի նշան՝ Բելգիայում ոստիկանները հրաժարվել են տուգանքներից
Բելգիական ավելի քան 22 հազար իրավապահներ ընդգրկող «Ոստիկանների միավորման շարժման» (Police Unifying Movement) անդամները պարտավորվել են նոյեմբերի 1-15-ն ընկած ժամանակահատվածում վարորդներին ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու համար չտուգանել։ Դրա փոխարեն նրանք վարորդների հետ բացատրական աշխատանք կկատարեն այդ կանոնների կատարման անհրաժեշտության մասին՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես նշվում է շարժման Facebook-յան էջում, No Money բողոքի ակցիան կոչված է իշխանությունների ուշադրությունը ոստիկանների պահանջների վրա հրավիրելուն։ Նրանք, մասնավորապես, դժգոհ են 2001թ․ բարեփոխումից, ըստ որի երկրի ոստիկանությունը բաժանվել է դաշնայինների եւ տեղականների։
«Գաղափարն այն է, որ պետությանը զրկենք միջոցներից, որովհետեւ չի ուզում մեզ լսել»,- ասում է ակցիայի կազմակերպիչներից Պասկալ Ռոմբոն։
Ակցիայի կազմակերպիչները դժգոհ են նաեւ ոստիկանական արհմիությունների ոչ բավարար ակտիվությունից։ Նրանք իրենց պահանջները փոխանցել են ՆԳ նախարարին եւ խորհրդարանի համապատասխան խմբակցություններին։