ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Եմենում դադարեցնել բռնությունները
ՄԱԿ-ը նախազգուշացնում է, որ Եմենում մոտ 14 միլիոն մարդ կանգնած է սովամահության վտանգի առջև: Այս մասին հայտնել է Reuters լրատվական գործակալությունը:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը սա որակել է, որպես «աշխարհում ծանրագույն հումանիտար ճգնաժամ»:
Նա ընդգծել է, որ ՄԱԿ-ին և նրան օգնող կազմակերպությունների ջանքերով Եմենում ավելի քան 8 միլիոն մարդ պարենային օգնություն է ստանում: Նա նշել է, որ եթե մոտակա ամիսներին չձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ապա 14 միլիոն մարդ կհայտնվի սովամահության եզրին, այսինքն՝ բնակչության մոտ կեսը:
Գուտերեշի կարծիքով՝ հակամարտող կողմերը պետք է անմիջապես դադարեցնեն բռնությունները և սկսեն բանակցել: