Գլենդելում հայ աշակերտների մասնակցությամբ ծեծկռտուքի մանրամասները
Գլենդելի կրթության պաշտոնյաները հայտարարել են, որ Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցում հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած ծեծկռտուքը, որում ներգրավված էին նաև հայ աշակերտները, տեղի է ունեցել նախկինում եղած միջադեպի հետևանքով և կապ չունի ռասսայական լարվածության կամ հատուկ կարիքներով աշակերտի ներգրավվածության հետ: Այս մասին հայտնում է Los Angeles Times-ում Glendale News-Press-ը:
Այդ մասին Գլենդելի միասնական դպրոցական շրջանի գլխամասում երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է դպրոցների ղեկավար Ուինֆրեդ Ռեբերսոնը: Նրանից բացի խոսել են նաև Դպրոցական խորհրդի անդամ Գրեգ Քրիքորյանը և Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցի տնօրեն Ջենիֆեր Էրլը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հերբերտ Հուվերի անվան ավագ դպրոցում հայ եւ օտարազգի աշակերտների միջեւ հոկտեմբերի 3-ին դաժան ծածկռտուք էր տեղի ունեցել։ Դրա հետևանքով տասնյակ աշակերտներ դպրոցից հեռացվել են, ինչպես նաև չեղարկվել են Հուվերի դպրոցի վերջին 4 ֆուտբոլային հանդիպումները, այդ թվում` Գլենդելի ավագ դպրոցի հետ գլխավոր հաղթական մրցաշարը, ինչպես նաև 3 շրջանի 3 ավագ դպրոցների միջոցառումները:
Շրջանի պաշտոնյաները հոկտեմբերի 15-ին խոսել են ծնողների, իսկ երկուշաբթի` Հուվերի դպրոցի դասերից դուրս եկած աշակերտների հետ` քննարկելով վերջին 4 շաբաթների իրողություններն ու խնդիրները: Առաջին պաշտոնական մամլո ասուլիսը կազմակերպվել է նոյեմբերի 1-ին:
Ասուլիսի ընթացքում Ռոբերսոնը հայտնել է, որ հետաքննության արդյունքում պարզվել է, որ ծեծկռտուքը տեղի է ունեցել 2 հիմնական իրադարձությունների հետևանքով: Սկզբում Հուվերի դպրոցի աշակերտներից մեկը մյուսին վիրավորել է իգական սեռի ներկայությամբ, որից հետո լեզվակռիվ է սկսվել: Հաջորդ շաբաթ լուրեր են տարածվել, թե աշակերտներից մեկը թքել է հատուկ կարիքներով մեկ այլ աշակերտի վրա, սակայն պարզվել է, որ դա իրականությանը չի համապատասխանում:
Այնուամենայնիվ, սոցցանցերում այդ մասին կեղծ լուրերը տարածվել են, ինչի արդյունքում դպրոցում լարվածություն է ստեղծվել, ասել է Ռոբերսոնը:
Մեկ այլ միջադեպի արդյունքում հոկտեմբերի 2-ին տարածված ասեկոսեներից հետո հոկտեմբերի 3-ին երկու աշակերտների միջև բախում է տեղի ունեցել, որը վերաճել է խմբերի միջև ծեծկռտուքի: Որոշ աշակերտների պնդմամբ` կռիվը տեղի է ունեցել մի խումբ հայ աշակերտների և ֆուտբոլի թիմի այլազգի անդամների միջև:
Քրիքորյանը հերքել է հաշմանդամ աշակերտի ներգրավվածությունն այս ամենում` չնայած դրա մասին բազմաթիվ լուրերի. նրանք խոսել են հատուկ կարիքներով աշակերտների ուսուցչի հետ, ով հավաստիացրել է, որ ծեծկռտուքի ժամանակ տվյալ աշակերտը նստած է եղել դասի: