Մեր հակառակորդներն ու մեզ ոչ բարյացկամ երկրները բավական արագ են զարգանում. Ստյոպա Սաֆարյան
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Թուրքիան լրջորեն ձեռնամուխ է եղել սեփական ռազմաարդյունաբերական համալիրի զարգացմանը: Օրերս այդ երկրի նախագահը, այցելելով որոշ ձեռարկություններ, հայտարարեց, որ երկրի սպառազինման գործում սեփական արտադրության չափաբաժինը /որքան հիշում եմ՝ 60 տոկոս էր նշվել/ պետք է ավելացվի:
Էրդողանը չի թաքցրել, որ նպատակն է բոլոր բնագավառներում դառնալ ինքնաբավ ու ավելի անկախ: Այդպիսի հարևանը, ինքներդ գիտեք, ավելի է անզուսպ ու անսանձ դառնալու: Սա՝ միայն Թուրքիան: Ադրբեջանի մասին չասեմ.... Ընդհանրապես, Հայաստանի ներքին ու արտաքին ավտանգության միջավայրը իր տենդենցերով ու մարտահրավերներով, ենթակա է արմատական ու լուրջ վերանայման: Հայաստանի ապագա իշխանությունները տարբերակ չունեն, քան նման մասշտաբային գործընթացի նախաձեռնումը՝ պետական ու հասարակական սեկտորի պրոֆեսիոնալների, հետազոտական կենտրոնների հետ համատեղ:
Արդեն պարզ է, որ արտահերթ ընտրությունների դեպքում քարոզարշավը տևելու է ընդամենը 12 օր... Արդյո՞ք իրատեսական է, որ կուսակցությունները կարողանան իսկապես լուրջ ծրագրեր ներկայացնել: Ի վերջո, դրանք հենց այդ անվտանգության նոր ռազմավարության հենքն են.... Եթե ոչ անգամ ամբողջական, ապա գոնե ծրագրային հենքը, որի վրա հետագայում կկառուցվեն բոլոր ռազմավարություններն ու զարգացման ծրագրերը, պետք է անխոցելի լինեն:
Ոչ միայն Հայաստանի, այլ նաև արտահերթ խորհրդարանական ընտրությունների մարտահարվերները չափազանց շատ են, ժամանակը՝ քիչ, Հայաստանի արտաքին ու ներքին քաղքականությունների մեքենայի թափանիվները ոչ միայն սինխրոն, այլ նաև պետք է արագ պտտվեն: Այլապես մեր հակառակորդներն ու մեզ ոչ բարյացկամ երկրները բավական արագ են զարգանում»: