Փայլանը խորհրդարանում լարված հարցուպատասխան է ունեցել Թուրքիայի պաշտպանության նախարարի հետ
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, Մեջլիսի՝ Դիարբեքիրից ընտրված հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի կողմից գնված ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի հարցի շուրջ լարված հարցուպատասխան է ունեցել խորհրդարանում երկրի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ:
Ինչպես գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը, Փայլանը նկատել է, որ զենքի գնման պայմանագրում նշված չէ, որ ռուսական կողմը Թուրքիային կտրամադրի C-400-ի կառուցման և կիրառման մանրակրկիտ տեխնոլոգիան:
Դրան ի պատասխան Աքարը նշել է, որ որ Փայլանի տիրապետած տեղեկությունը սխալ է:
Հայազգի պատգամավորը նաև հետաքրքրվել է, թե ինչ կարծիք ունի նախարարն ԱՄՆ Կոնգրեսի այն որոշմանը, ըստ որի ռուսական C-400-ի ձեռք բերման դեպքում Թուրքիան չի ստանա ամերիկյան F-16 կործանիչները:
«Դրանք հստակեցված որոշումներ չեն, աշխատանքները շարունակվում են: Դուք հանգիստ եղեք հարգելի Փայլան, ի վերջո, դուք այլևս բանակում չեք ծառայելու», - ասել է Աքարն, ինչին ի պատասխան հայազգի պատգամավորը շեշտել է, որ իր հարցն ուղղում է նոր սերնդի առաջ ծառացած խնդիրներից ելնելով: