Ազատ արձակեք ցեղասպանությունը ճանաչած թուրք գործարարին. Գարո Փայլան
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանը Twitter-ում գրառում է կատարել բանտում գտնվող հայամետ թուրք գործարար, հասարակական գործիչ, Օսման Քավալայի վերաբերյալ:
«էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, Փայլանը, դիմելով Թուրքիայի իշխանություններին և դատաիրավական համակարգին, գրել է.
«Մեր սիրելի Օսման Քավալան 1 տարի է բանտում է և դեռևս մեղադրական եզրակացություն չկա։ Ազատ արձակեք Քավալային»:
Քավալան կալանավորվել էր 2017թ. նոյեմբերի 1-ին՝ Թուրքիայում 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի առնչությամբ հետաքննության շրջանակներում։
Նա մեղադրվում է Թուրքիայի «սահմանադրությունը խախտելու և իշխանությունը տապալելու փորձի մեջ»։ Քավալան պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի մտերիմներից է և ակտիվորեն պայքարում է Դինքի սպանության գործով արդար դատավարության հասնելու համար: 2016թ. ապրիլի 24-ին Քավալան այցելել էր Հայոց ցեղասպանության հուշարձան և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին: