Կրեմլի պալատում կայանալիք «Ուրարտու» մրցանակաբաշխությունը կնվիրվի Ազնավուրի հիշատակին
«Ուրարտու» ազգային երաժշտական երկրորդ մրցանակաբաշխությունը, որը նախաձեռնել են Ռուսաստանի հայ երիտասարդները, նվիրված կլինի Շառլ Ազնավուրին, գրում է ТАСС-ը: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 3-ին Կրեմլում:
«Անցած տարի Շառլ Ազնավուրի օրհնությամբ մենք ռիսկի ենք դիմել ինքնուրույն իրականացնել նման մասշտաբային նախագիծ: Մենք միշտ երազել ենք ստեղծել որոշակի մեխանիզմ, որը կնպաստեր սերունդների շարունակականությանը: Մեր նպատակն է պահպանել մշակութայինի և հոգևորի միասնությունը: Մրցանակաբաշխությունը նվիրում ենք Ազնավուրին՝ որպես նրա նկատմամբ հիշատակի և անսահման հարգանքի նշան»,- ասել է մրցանակաբաշխության կազմկոմիտեի համանախագահ Անուշ Կիրակոսյանը:
Նշվում է, որ նախորդ տարվա մրցանակաբաշխությանն Ազնավուրը անձամբ ներկա էր եղել:
Համերգին ելույթ է ունենալու դուդուկահար Ջիվան Գասպարյանը, հանդես են գալու ֆրանսահայ երգիչներ Ռոզի Արմենը և Ժան Տատլյանը, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը, ռուս երգիչ Իգոր Սարուխանովը, այլք: