Կարո Հալաբյանի հուշարձանի կանգնեցման առաջարկը Մոսկվայում հավանության է արժանացել
Մոսկվայի քաղաքային դումայի պատգամավորներն այսօր կայացած նիստում հավանության են արժանացրել խորհրդային ճարտարապետ Կարո Հալաբյանի հուշարձանը մայրաքաղաքի Սոկոլ շրջանում կանգնեցնելու առաջարկը:
Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ նշելով, որ ԽՍՀՄ ճարտարապետների միության հիմնադիր, ԽՍՀՄ ճարտարապետների ակադեմիայի փոխնախագահ, Մոսկվայի գլխավոր ճարտարապետ Կարո Հալաբյանի հիշատակը հավերժացնելու առաջարկով ավելի վաղ հանդես էր եկել ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանը:
«Հուշարձանի կանգնեցման վայրը Սոկոլ շրջանն է, կանաչապատ տարածք է: Հուշարձանի ստեղծման և տեղադրման աշխատանքների ֆինանսավորումը կիրականացվի Հայաստանի Հանրապետության միջոցների հաշվին», - ասել է Մոսկվայի քաղաքային դումայի մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Եվգենի Գերասիմովը:
Ըստ օրինագծի՝ ֆինանսավորման ընդհանուր ծավալը կկազմի 15 մլն ռուբլի: