Շվեդիան Հայաստանին առաջարկել է ձեռք բերել JAS-39 Gripen կործանիչներ
Շվեդիան Հայաստանի պաշտպանության նախարարությանն առաջարկել է ձեռք բերել SAAB ընկերության կողմից արտադրվող JAS-39 Gripen կործանիչները: Այս մասին տեղեկացնում է Regnum գործակալությունը՝ վկայակոչելով ՀՀ ՊՆ-ի իր սեփական աղբյուրին:
Ինչպես ընդգծում է գործակալությունը, այս առաջարկը հաջորդել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևան կատարած այցին, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյան խոսել էր Հայաստանին և Ադրբեջանին զենք մատակարարելու հավանականության մասին՝ նպատակ հետապնդելով նվազեցնել կողմերի կախվածությունը Ռուսաստանից ստացվող մատակարարումներից:
Գործակալության աղբյուրի տեղեկություններով՝ առաջարկը վերաբերում է 8 կործանիչից կազմված խմբաքանակին: Մեկ ինքնաթիռի ենթադրյալ արժեքը 55-60 մլն եվրո է, բացի այդ, հնարավոր է ինքնաթիռների ձեռքբերման լիզինգային սխեման: