Խաչատուրովի հարցը որոշվելու է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների մակարդակով. ՌԴ-ում ՀՀ դեսպան (տեսանյութ)
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում անդրադարձել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի դեմ հարուցված քրեական գործին, այդ պաշտոնից նրա հետկանչի գործընթացին:
Խոսելով «Մարտի 1»-ի գործով անցնող Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Տողանյանը նշել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո մինչև վերջ չքննված գործերի քննությունը վերսկսվել է:
«Կոնկրետ հարցերով հարուցվել են քրեական գործեր, այդ թվում՝ նաև Խաչատուրովի դեմ: Բայց տվյալ պարագայում, կարծում եմ, ամբողջ համատեքստը կապ չունի ՀԱՊԿ-ին մեր անդամակցության հետ ու որևէ կերպ չի անդրադառնում այդ կազմակերպության աշխատանքի վրա: Պարոն Խաչատուրովը շարունակում է գլխավորել ՀԱՊԿ-ը: Մենք արդեն սկսել ենք այդ պաշտոնից նրա հետկանչի գործընթացը, այդ հարցը որոշվելու է անդամ պետությունների ղեկավարների մակարդակով»,-ասել է ՀՀ դեսպանը՝ ևս մեկ անգամ նշելով, որ պաշտոնական Երևանը տվել է համապատասխան գործընթացի մեկնարկը:
Մանրամասն՝ տեսանյութում