Մահացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Սիրվարդ Քուրտյանը
Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանությունը վերապրած Տորոնտոյի բնակչուհի Սիրվարդ Քուրտյանը, նա 106 տարեկան էր: Այս մասին տեղեկացանք Horizon Weekly-ից:
Սիրվարդ Քուրտյանը ծնվել է հարկադիր տեղահանության սկսվելուց երեք տարի առաջ: Նա ստիպված է եղել իր մոր, եղբայրների և քույրերի հետ Էրզրումից հասնել Թուրքիայի արևելք, այնուհետև՝ Մոսուլ քաղաք: Ճանապարհորդությունը տևել է 6 ամիս: Սիրվարդի հայրը սպանվել է 1915 թվականին թուրքերի կողմից:
Մոսուլ հասնելուց հետո որոշ ժամանակ անց նրանք տեղափոխվել են Սիրիայի Հալեպ քաղաք: Այդ ժամանակ այդտեղ ավելի քան 100 հազար հայ վերապրածներ կային, որոնց թվում՝ բազմաթիվ որբեր: Այնտեղ Սիրվարդը հաճախել է դպրոց և շուտով իր դասարանի առաջատարներից դարձել: 15 տարեկանում ամուսնացել է Խաչիկ Քուրտյանի հետ: 1974 թվականին Խաչիկ Քուրտյանը մահացել է: 1991 թվականին Սիրվարդն իր ընտանիքի հետ տեղափոխվել է Կանադա: