Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում Իդլիբում վերացնելու ահաբեկիչներին
Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում օգնելու սիրիացի զինվորականներին Իդլիբ նահանգում ահաբեկիչներին ոչնչացնելու հարցում, եթե գրոհայինները շարունակեն սադրանքները: Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, այս մասին Ստամբուլում կայացած քառակողմ գագաթնաժողովի ավարտին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Թեև բռնության մակարդակը Սիրիայում զգալիորեն նվազել է, այնտեղ հավաքված ծայրահեղականների ոչնչացումը շարունակում է կարևորագույն խնդիր մնալ: Մոսկվան հույս ունի, որ Թուրքիան հնարավորինս շուտ կապահովի ընդդիմության նահանջը Իդլիբի ապառազմականացված գոտուց», - ընդգծել է Պուտինը:
Պուտինի խոսքով՝ հանդիպման բոլոր մասնակիցները համամիտ են գլխավոր հարցի շուրջ, այն է, որ Սիրիայում երկարատև խաղաղության հասնել հնարավոր է բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, իր հերթին, նշել է, որ Թուրքիայի, ՌԴ-ի, Գերմանիայի և Ֆրանսիայի մասնակցությամբ գագաթնաժողովը խթան է հանդիսանում սիրիական ողբերգության ավարտի համար:
Հիշեցնենք, որ Ստամբուլում անցկացված հանդիպմանը մասնակցել են նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: