Լոնդոնի Բրիտանական թանգարանում բացվող միջազգային ցուցահանդեսին կմասնակցի նաև Հայաստանը
Լոնդոնի Բրիտանական թանգարանում 2018 թ. նոյեմբերի 8-ին կբացվի «Ես եմ Աշուրբանիպալը՝ Աշխարհի արքա, Ասորեստանի արքա» խորագրով միջազգային ցուցահանդեսը, որը կգործի մինչեւ 2019 թվականի փետրվարի 24-ը:
Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ ցուցահանդեսին կներկայացվի 200 նմուշ. 120-ը Բրիտանական թանգարանի հավաքածուից, իսկ 80-ը կփոխառվեն Հայաստանի պատմության թանգարանից, Փարիզի, Բեռլինի, Սանկտ Պետերբուրգի, Վատիկանի եւ Նիկոզիայի հայտնի թանգարաններից:
Հայաստանի պատմության թանգարանը ցուցահանդեսին կներկայանա ուրարտական արվեստի 10 բացառիկ նմուշներով, որոնք, ըստ Բրիտանական թանգարանի մասնագետների եւ ներկայիս ցուցահանդեսի համակարգող Գարետ Բրերետոնի, առանձնահատուկ կարեւորություն ունեն իրենց ցուցադրության համար՝ որպես բացառիկ եւ արժեքավոր վկայություն այդ ժամանակաշրջանում տարածաշրջանի` Ասորեստանի, Արեւմտյան Իրանի եւ խեթական պետությունների արվեստի ու մշակույթի համատեքստում:
Հայաստանի պատմության թանգարանի մասնակցությունն այս ցուցահանդեսին աշխարհի ամենահեղինակավոր հարթակներից մեկում՝ Լոնդոնի Բրիտանական թանգարանում, Հայաստանի եւ հայկական մշակութային ժառանգության արժեւորման եւ հանրահռչակման բացառիկ հնարավորություն է: